Հոկտեմբերի 31-ի լույս նոյեմբերի 1-ի գիշերը ԱՄՆ-ում եւ Եվրոպայում
նշվում է Հելոուինը: Տոնը թեեւ Արեւմտյան ծագում ունի, սակայն վերջին
տարիներին տարածում է գտել նաեւ Հայաստանում: NEWS.am-ի
թղթակիցը փորձեց պարզել, թե հայ երիտասարդներն ինչպես են այն նշում եւ
երեւանյան ակումբներում տոնի կապակցությամբ ի՞նչ միջոցառումներ են
լինելու:
STOP ակումբում հոկտեմբերի 31-ին, ժամը 19:00-ից տոնին նվիրված party է
լինելու: Երգելու են նաեւ երկու ռոք երաժշտական խմբեր` Mr. Help-ը եւ Alian
Time-ը: Կլինի նաեւ DJ Main Stream-ը: Ակումբում Հելոուինի գիշերը
այցելուներին կառաջարկեն հատուկ «սարսափելի»` «ուղեղի ուռուցք» անվանմամբ
կոկտեյլ:
Aftershock republic ակումբում ժամը 21:00-ից եւս party է նախատեսվում`մուտքը հատուկ dress code-ով: Ինչպես NEWS.am-ի թղթակցին հայտնեց ակումբի աշխատակիցը, տոնի կապակցությամբ մի շարք անակնկալներ են սպասվում:
One club-ում սակայն, տոնն սկսվելու է հոկտեմբերի 30-ին, ժամը 22:00-ից:
Ակումբ մուտք գործելու համար պահանջվում է տոնին համապատասխան հագուստ:
Նրանք, ովքեր հատուկ համազգեստներով չեն լինի, դիմակներ կկարողանան գնել
հենց ակումբի մուտքի մոտից: One club-ի աշխատակիցները զարդարված ու հագնված
են լինելու տոնի ոգով:
«Գլխավոր շեշտը դրվել է դիզայնի վրա»,-նշեց ակումբի աշխատակիցը` հավելելով, որ ողջ գիշեր նվագելու է Փարիզից այցելած DJ TITO-ն:
Նշենք, որ Հելոուինի տոնին ընդունված է հագնել կախարդների, վամպիրների
եւ այլ սարսափ-հերոսների զգեստներ: Սակայն Հայաստանում դա այդքան էլ
ընդունված չէ:
22-ամյա Լուսինեն, ով արդեն երկրորդ անգամ է նշում այս տոնը, դեռ չի
որոշել, թե ինչ կերպարով է հանդես գալու, սակայն վստահ է, որ հաստատ
վախենալու տեսք չի ունենա: Հովհաննեսն ասաց, որ Զորրոյի շոր է հագնելու,
իսկ Տիգրանը` ամերիկյան բանտարկյալի: Լաուրան նշեց, որ գոթական ոճի
կիսաշրջազգեստ կկրի, գրինդերսներ, իսկ աչքերը սեւ ու կարմիր կներկի:
Արեւմուտքում տոնի ժամանակ ընդունված է նաեւ տներով շրջել եւ
քաղցրավենիք հավաքել, սակայն, ինչպես NEWS.am-ի թղթակիցը պարզեց, տոնը նշող
երիտասարդներից ոչ մեկը չի պատրաստվում դռնեդուռ ընկնել եւ քաղցրավենիք
հավաքել:
«Անկեղծ ասած մենք ընկերներով չենք պատրաստվում նման բան անել, պարզապես
ուզում ենք հետաքրքիր, կրեատիվ հագնվել ու միասին լավ ժամանակ անցկացնել,
ինչպես նաեւ նկարվել, պարել, ծիծաղել»,-ասաց Լաուրան:
Իսկ Անին, ով երեբեւ չի մասնակցել նման միջոցառման, նշեց, որ տոնի էությունն այդքան էլ չի հասկանում:
Նշենք, որ հելոուին բառն անգլերենից թարգմանաբար նշանակում է «սուրբ երեկո» եւ ի սկզբանե նշվել է կելտական ժողովուրդների մոտ: