Հայաստանում, հոկտեմբերի 16-ին բացվել է աշխարհում ամենաերկար ճոպանուղին:
«Տաթեւի թեւեր» ճոպանուղին, որի երկարությունը 5,7 կմ է, 12 րոպեում
այցելուին կհասցնի Տաթեւի եկեղեցի, այնինչ նույնիսկ հարմարավետ մեքենայից
մոտ քառասուն րոպե է պահանջվում ձորն իջնելու եւ բարձրանալու համար:
Ճոպանուղու բացման արարողությանը մասնակցել են Հայաստանի նախագահ Սերժ
Սարգսյանը, ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, Հայաստանի վարչապետ Տիգրան
Սարգսյանը, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն, հասարակության
ներկայացուցիչներ ու արտասահմանցի հյուրեր:
«Աշխարհում ամենաերկար ճոպանուղու կառուցումով մենք նպատակ չենք ունեցել
որեւէ մեկին զարմացնել»,- Տաթեւի ճոպանուղու բացման արարողության ժամանակ
ունեցած իր ելույթում ասել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը,
հավելելով, որ աա առաջին հերթին, բացառիկ նշանակություն ուներ Տաթեւի
համալիրի հարակից բնակավայրերի եւ Հայաստանի ողջ հարավային շրջանների
զարգացման համար:
Նրա խոսքով, Տաթեւի ճոպանուղու կառուցումը դա լուրջ ազդակ է
հանդիսանալու Հայաստանի հարավային շրջանների տնտեսական մշակութային հոգեւոր
զարգացման համար եւ «պետական եւ մասնավոր հատվածների համագործակցության
հիանալի օրինակ է»:
Սերժ Սարգսյանը հատուկ շնորհակալություն է հայտնել Ռուբեն Վարդանյանին,
ով ըստ նրա, դարձավ նախագծի շարժիչ ուժը, ինչպես նաեւ բոլոր նրանց, ովքեր
օժանդակել են, նաեւ շինարարներին, ովքեր կառուցել են այն:
Խոսելով մրցունակության մասին, Սերժ Սարգսյանն ասել է, որ միջազգային
ասպարեզում մրցունակ մնալու համար մենք երբեմն հեռավոր երկրներ ենք գնում
սովորելու եւ դա օրինաչափ է, բայց կան դասեր, որ պետք է քաղենք այստեղ:
«Տաթեւի վանքը իր ժամանակի ամենամրցունակ ճարտարապետական լուծումներից է:
Տաթեւի համալսարանը ամենամրցունակ գիտական օջախներից է եղել, իսկ սուրբ
Գրիգոր Տաթեւացին իր ժամանակին աշխարհի ամենամրցունակ մտածողներից մեկն է
եղել»,-նշել է նախագահը:
Ինչպես հայտնում է NEWS.am-ի թղթակիցը,
բացման արարողության ժամանակ սպիտակ աղավնիներ են բաց թողնվել, որպես
խաղաղության ու բարգավաճման խորհրդանիշ, որից հետո Գարեգին Բ կաթողիկոսը
աղոթք է կարդացել:
Տաթեւի ճոպանուղու շինարարությունը տեւել է 11 ամիս: Նախագծի ընդհանուր
արժեքը կազմում է 50 մլն դոլար է, որն իրականացրել է Ազգային
մրցունակության հիմնադրամը: Ծրագիրը հովանավորել են բազմաթիվ բարերարներ,
բայց հատկապես արժե նշել ռուսաստանաբնակ գործարար Ռուբեն Վարդանյանի 28 մլն
դոլարի նվիրատվությունը, որից էլ, թերեւս, սկսվել է այս աննախադեպ
ծրագիրը:
Նորակառույց ճոպանուղին վիթխարի նշանակություն կունենա Հայաստանի
զբոսաշրջության զարգացման առումով: Հաջող կազմակերպված PR_ի դեպքում այն
կարող է Հայաստան ձգել հարյուր հազարավոր այցելուների; Ճոպանուղին կունենան
երկու վագոն` որոնցից յուրաքանչյուր կկարողանա տեղափոխել 25 մարդու:
Տոմսերի նախնական արժեքը կլինի 3 հազար դրամ, բայց դա վերջնականապես
որոշված չէ:
Տաթեւի վանքը գտնվում է Գորիսի տաթեւ գյուղի մոտ եւ Երեւանից հեռու է
280 կմ: Գրաբարից թարգմանած «Տաթեւ» նշանակում է «թեւեր տուր»: տաթեւի
վանական համալիրը կառուցվել է 9-րդ դարում, որը եղել է Սյունիքի
թագավորության քաղաքական կենտրոնը:
Տաթեւի համալիրը հավակնում է Յունեսկոյի համաշխարհային ժառանգությանը: